ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.
բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.
գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.
դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).
ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն (այդ թվում«հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով) անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.
զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.
է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.
ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.
թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.